Արմինֆո.Ազգային ժողովի այսօրվա նիստն աչքի է ընկել էմոցիաների արտասովոր պոռթկումով:
Նիստի սկիզբը «մթագնեց» «Ելք» դաշինքի մեղադրանքները խորհրդարանի ղեկավարության հասցեին՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկության արդյունքները կեղծելու համար: Փաստաթուղթը, որպես Սահմանադրական օրենք, պետք է ընդունվեր ձայների 35-ով (63 «կողմ» ձայն): Սակայն, քվեարկությունից հետո քվեատախտակի վրա հայտնվել է 61 թիվը, այսինքն՝ փաստաթուղթը մերժվել է: Սակայն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ այդ թվին ավելանում է փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի քվեարկությունը, ով, գտնվելով գործուղման մեջ, գրավոր հայտնել էր, որ «կողմ» է քվեարկում փաստաթղթին: Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Ռուստամ Մահմուդյանը նույնպես հայտնել է, որ «կողմ» է քվեարկել, պարզապես իր մոտ չի աշխատել քվեարկության համար տեխնիկական սարքավորումը:
Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, ով մինչև քվեարկությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, նույնպես «կողմ» է քվերակել փաստաթղթին: Սակայն, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները փորձել են ներկայացնել դա որպես սխալ՝ հաշվի առնելով փաստաթղթի առնչությամբ «Ծառուկյան» դաշինքի բացասական դիրքորոշումը: Այս ամենը հաշվի առնելով՝ «Ելք»-ի ներկայացուցիչները պնդել են փաստաթղթի առնչությամբ կրկնակի քվեարկության անհրաժեշտությունը՝ հավաստիանալու, թե ով է կողմ, իսկ ով դեմ քվեարկել:
Սակայն, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ քվեարկությունն օրինական է եղել, Նապոլեոն Ազիզյանը չի հերքում իր դիրքորոշումը, հետևաբար՝ փաստաթուղթն անցել է:
Այնուամենայնիվ, մեկ ժամ անց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Ազիզյանը, ինչպես և դաշինքից այլ պատգամավորներ, չի պատրաստվել քվերակել փաստաթղթի առնչությամբ, նրա սարքը պատահաբար է աշխատել:
Դրան հակադարձել է Շարմազանովը՝ հայտարարելով, որ Ազիզյանը կարող էր նիստի ժամանակ ձայնի իրավունք վերցնել և հայտնել, որ քվեարկել է սխալմամբ, ինչը չի արվել, հետևաբար՝ ամեն ինչ ընթացել է՝ օրենքին համապատասխան:
«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները ցուցադրաբար լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը՝ որպես կառավարող մեծամասնության հակաիրավական գործողությունների դեմ բողոքի նշան:
Սակայն, դրանով միջադեպը չի սպառվել և արդեն ավելի բուռն կերպով շարունակվել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Դավիթ Մանուկյանի կաբինետում: Կրքերի հերթական բորբոքման առիթ է հանդիսացել այն փաստը, որ դաշինքից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայհոյել է իր կուսակից Նապոլեոն Ազիզյանին այն բանի համար, որ վերջինս, հակառակ խմբակցության դիրքորոշման, «կողմ» է քվեարկել փաստաթղթին: Ազիզյանին որոշել է պաշտպանել պատգամավոր Արթուր Մանուկյանը, ով հայտարարել է Բագրատյանին, որ Ազիզյանն իր հոր ընկերն է, և թույլ չի տա վիրավորել նրան: Խոսքակռիվը վերածվել է երեսնամյա Մանուկյանի և վաթսունամյա Բագրատյանի միջև ծեծկռտուքի: Ավելի քան 15 րոպե պատգամավորները ծեծել ու վիրավորել են միմյանց: Եվ միայն 15 րոպե անց կուսակիցներին հաջողվել է միմյանցից հեռացնել տաքացած պատգամավորներին: