Արմինֆո. ՀԱՊԿ անդամությունը Հայաստանին թույլ է տալիս ուժեղացնել քաղաքական ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, ինչը զինված ուժերի զարգացման հետ համատեղ պատերազմի չվերսկսման կարևորագույն երաշխիք է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Ավելին, եթե Բաքվում, անգամ, որոշեն նոր ագրեսիա ձեռնարկել հայ ժողովրդի հանդեպ, նրա գնահատմամբ, վերը նշված հանգամանքների առկայությունն ինքնըստինքյան կդառնա այդ պատերազմում Հայաստանի հաղթանակի երաշխիք: Հարությունյանը հատկապես ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերի մարտունակությունն ու կարգապահությունն ապահովող հազարավոր հայ սպաներ կրթություն են ստանում Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը զենք և զինամթերք է ձեռք բերում ներքին գներով, որոնք ոչ կերպ չի կարելի համեմատել միջազգային գների հետ:
«Ստացվել է այնպես, որ մեր տարածաշրջանում չկա կառույց, որն ի վիճակի լինի մեզ նման առավելություն ընձեռել: Հետևաբար, այսօր ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հեռանկար չի դիտարկվում՚, - ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը:
Նրա գնահատմամբ, Ղարաբաղի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարության բուն փաստը, որում հիշատակվում են կարգավորման բոլոր սկզբունքները, վկայում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կազմակերպության աջակցության մասին: Հարությունյանը նաև ՀԱՊԿ-ը համարում է Երևանի պահանջների, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կողմնակից:
Նոյեմբերի 30-ին Մինսկում ՀԱՊԿ երկրները ստորագրել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցության մասին՚ հայտարարությունը: ՀԱՊԿ երկրները նաև պաշտպանել են հակամարտության կարգավորումը երեք սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության հիման վրա:
Այդ լույսի ներքո` նախկին նախարարը իրագործված է համարում Արցախի ուղղությամբ Հայաստանի քաղաքական նպատակները, ի տարբերություն Բաքվի նպատակների, որը ձգտում է վախի մթնոլորտ ձևավորել Հայաստանում և Ղարաբաղում` հրադադարի ռեժիմի մշտական խախտումների միջոցով: Հարությունյանը նշել է, որ Բաքուն սխալմամբ կարծում է, թե այդ մթնոլորտը կարող է ազդել Երևանի վրա` հող ստեղծելով զիջումների համար: