Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, 2018 թվականի ապրիլին պետության ղեկավարի պաշտոնում իր լիազորությունների ժամկետի լրանալուց հետո, ամենայն հավանականությամբ, կգլխավորի նախարարների կաբինետը: Այդպիսի կարծիք է հայտնել
ՌԴ ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Ես իշխանության ղեկին կրկին տեսնում եմ Սերժ Սարգսյանին, բայց արդեն՝ որպես վարչապետ: Փորձը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է ընդունել որոշումներ, որոնք թույլ են տալիս շարունակել ճանապարհն՝ առանց լուրջ ներքին կատակլիզմների»,- հայտարարել է Զատուլինը Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում: Նշենք, որ Հայաստանի՝ կառավարման խորհրդարանական կարգի անցնելուց հետո քննարկվում է վարչապետի պաշտոնում երկու թեկնածուի անուն՝ նախագահ Սերժ Սարգսյանի և նախարարների կաբինետի ղեկավար Կարեն Կարապետյանի: Սարգսյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ Հայաստանի՝ կառավարման խորհրդարանական կարգի անցմանն ուղղված սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումից հետո վարչապետի պաշտոնը չի զբաղեցնի: Մինչդեռ վերջին ժամանակներս Հանրապետական կուսակցության անդամները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ 2018 թ. ապրիլից հետո երկրի վարչապետի պաշտոնում ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանն է, և ոչ ոք այդ պաշտոնում նրան փոխարինել չի կարող: Կարեն Կարապետյան իր հերթին, պատասխանելով 2018 թ. ապրիլից հետո իր ծրագրերի մասին հարցին՝ հայտարարել է, որ հաճույքով կշարունակեր գլխավորել նախարարների կաբինետը: