Արմինֆո.ԵՄ «Արևելյան գործընկերությունը» երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Այդ մասին «Հայաստանը՝ կամուրջ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև. հայ-գերմանական համագործակցություն» միջոցառման ժամանակ հայտարարել է Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, հայ-գերմանական համաժողովի նախագահ Ալբերտ Վայլերը:
Բունդեսթագի պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանը 2013 թվականին չստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը՝ փոխարենը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: «Դա վառ օրինակ է այն բանի, որ «Արևելյան գործընկերության» յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով ընթանա դեպի Եվրոպա: «Ուրախ ենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Էլ ավելի ուրախ ենք, որ այդ քայլով այն կարողացել է որոշակի կամուրջ դառնալ ԵՄ և ԵԱՏՄ միջև»,- ասել է Վայլերը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն է և նոր սկիզբ, որն էլ ավելի կամրապնդի Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ըստ որում, նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված երկկողմ հարաբերությունների ապագայի առնչությամբ: «Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ընդլայնել ԵՄ հետ փոխգործակցությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում և կնպաստի խաղաղության ու անվտանգության խորացմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում»,- ասել է պատգամավորը:
Խոսելով ղարաբաղյան հարցի և փաստաթղթում ձևակերպման մասին՝ նա հիշեցրել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներն սկսվել են բավական վաղուց և հաջողվել է հասնել փոխընդունելի տարբերակի: Պատգամավորի խոսքով, Հարավային Կովկասում անվտանգությունը կարևոր նշանակություն ունի ԵՄ համար:
Միաժամանակ Վայլերը, խոսելով ԵՄ հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին, համոզմունք է հայտնել, որ այն կպարզեցվի, և Հայաստանի քաղաքացիները կկարողանան անարգել տեղաշարժվել ԵՄ տարածքում: Նրա խոսքով, դրա համար, անհրաժեշտ է զինվել համբերությամբ և կատարել այդ առնչությամբ բոլոր անհրաժեշտ պահանջները:
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Վայլերը նշել է, որ Հայաստանը դեռ շատ բան ունի անելու երկրում ներդրումային մթնոլորտը բարելավելու համար, ինչն իր հերթին թույլ կտա ներգրավել օտարերկրյա ներդրողների և նոր խթան հաղորդել հանրապետության տնտեսական զարգացմանը: