Արմինֆո. Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ժամանակ որոշակի կետեր չեն քննարկվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Արմենիա՚ հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում:
Նրա ասելով, այժն գործընթացն ընթանում է երկու ուղղությամբ. առաջին ուղղությամբ կողմերը փորձում են հասնել լարվածության թուլացման և այնպիսի մեխանիզմների ներդրման, որոնք նպաստեն դրան, և հետո միայն կարելի է աշխատել փաստաթղթի դրույթների վրա: «Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ համաձայնության։ Մարդկային զոհերը միշտ ցավալի են եւ նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում։ Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր բառը, որ հնարավոր լինի գալ համաձայնության»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Լավրովի ծրագրի՚ առկայության մասին շրջանառվող լուրերին` Սարգսյանը հայտարարել է, որ ոչ մի հայեցակարգային առաջարկություն չի եղել։ «Ընդհանրապես նոր առաջարկություն չկար։ Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ այցերի ընթացքում միայն Ղարաբաղի հարցը չենք քննարկում։ ՌԴ ԱԳ նախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել կոնֆլիկտը` միայն առաջարկված սկզբունքների հիման վրա», - նշել է նախագահը։
Նա վերստին ընդգծել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը: «Շփման գծում պետք է հանդարտություն տիրի։ Զոհերը պետք է բացառվեն։ Մարդաորսը, որ կա այսօր, պետք է բացառվի։ Դա կստեղծի որոշակի մթնոլորտ, փոխվստահություն։ Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, սկսում է անվստահության որդը կրծել, խորանում է այդ անվստահության մթնոլորտը»,- նշել է նախագահը։
Խոսելով շփման գծում հակառակորդի դիվերսիոն ներթափանցումների նվազման հնարավորության մասին` Սարգսյանը նշել է, որ դա հնարավոր է այն սարքավորումների գործարկման դեպքում, որ հիմա ունենք շփման գծում։ «Տեւական ժամանակ առաջ, դրանց տեղադրումից հետո, երկու-երեք փորձ եղավ, որոնք ձախողվեցին մեծ կորուստներով, եւ այժմ, այո, դիվերսիաների հնարավորությունը նվազել է՚, - նշել է Սարգսյանը, հավաստիացնելով, որ ունենք կոնկրետ քայլեր, որ կբացառեն այլ գործողություններ եւս։ «Երբ ասում էինք, որ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կբացառվեն այլ գործողություններ եւս», - ամփոփել է պետության ղեկավարը։