Արմինֆո.Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բիզնես դասընթացները ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված մոդուլի՝ «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:
Աղբյուրի համաձայն, 17 տարբեր փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչ մասնակցել է դասընթացին, որը վարել են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ։
«Մենք անընդհատ ընդլայնում ենք իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը, մշակում և ներդնում ենք նոր մոդուլներ։ Արդեն ունենք 13-ը, շարունակելու ենք ավելացնել թեմաները և ներառելու ենք նոր ուղղություններ, քանի որ արդյունքը ակնհայտ է, մասնակիցների կողմից էլ մշտապես ստանում ենք դրական արձագանքներ»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից մինչ օրս իրականացված շուրջ 60 դասընթացի մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 420 կազմակերպությունից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելում ՓՄՁ-ների մասնաբաժինը կազմել է մոտ 20% կամ 83.2 մլն դոլար (39.8 մլրդ դրամ), տարեկան 21.3% աճով, իսկ այս տարվա 9 ամիսներին - 13.9% աճով: Այդ ոլորտում բանկերի ներդրումների ընդհանուր ծավալներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 6%: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են 10 գյուղացիական փոխօգնության մարզային միություններ: Բանկն ունի 58 մասնաճյուղ (3 տեղ):