Արմինֆո.Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելմանը նպատակաուղղված օրենքների փաթեթը:
Ներկայացնելով «Ընտանեկան բռնության կանխարգեկման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու ընտանիքում համաձայնության վերականգնման մասին՚ օրենքի նախագիծը` արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը պարզաբանել է, որ փաթեթը նախատեսում է ընտանեկան բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական մեխանիզմ. կանխարգելում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանության մասին որոշում: Երկրորդ մեխանիզմի կիրառման մասին որոշում է կայացնում ոստիկանության համապատասխան մասնագետը, իսկ պաշտպանության մասին` դատարանը: Անհետաձգելի միջամտության դեպքում տուժածի կամքը չի պահանջվում, այն հարկավոր է միայն պաշտպանության մասին որոշման համար: Ոստիկանությունում կստեղծվի համապատասխան ստորաբաժանում: Առաջադրված խնդիրը լուծելու համար նախատեսվում է «թեժ գծի՚ գործարկում: Վիգեն Քոչարյանի ասելով, օրինագիծը կանոնակարգում է սոցիալական պաշտպանության կենտրոնների և ապաստարանների գործունեություն, որտեղ կիրականացվի բռնության ենթարկված անձանց վերականգնումը: Փոխնախարարը հերթական անգամ ընդգծել է, որ օրենքում չկան նոր հիմքեր ծնողական իրավունքից զրկելու համար: Նրա հավաստմամբ, այնտեղ չկան ընտանիքի հիմքերը քայքայող դրույթներ: Փոխնախարարը հիշեցրել է, որ փաստաթուղթը քննարկվել է տարբեր հարթակներում, ինչի արդյունքում նախնական տարբերակը զգալի փոփոխություններ է կրել, հստակեցվել են մտահոգություն հարուցող պահերը, օրինակ` թե արդյոք կարելի է անչափահաս երեխային վերցնել ընտանիքից: «Մենք խստագույնս ամրագրեցինք, որ` ոչ, չի կարելի, դադարեցնելու համար անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է նշված նախաձեռնության հասցեին՚, - եզրափակել է Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ ընտանեկան բռնության հարցերով կզբաղվի հատուկ հանձնաժողովը, որում պետական կառույցների ներկայացուցիչներից զատ կընդգրկվեն նաև հասարակական կազմակերպությւնների, ՀԱԵ ներկայացուցիչներ: Փոխնախարարի ասելով, համանման օրենք է ընդունվել ավելի քան 120 երկրներում, այդ թվում` եվրոպական երկրներում, Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում:
Այն մասին, որ Հայաստանը մտադիր է ընտանեկան բռնության դեմ օրինագիծ ընդունել, հայտնի է դարձել դեռ մի քանի տարի առաջ, և հասարակայնությունը բաժանվել է երկու ճամբարի: Օրինագծին դեմ հանդես եկողները օրենքի «շնորհման՚ համար մեղադրում են Արևմուտքին` հայ ընտանիքի հիմքերը խարխլելու մտադրության առնչությամբ: Փորձագետների ասելով, այլ երկրներում համանման օրենքների կիրառման փորձը դատապարտվել է Եվրախորհրդի 2015 թվականի ապրիլի 24-ի բանաձևում: Օրինագծին կողմ են հանդես եկել ընտանեկան բռնության զոհերը, հիմնականում, կանայք, որոնք պարբերաբար հանդես են եկել ակցիաներով, պահանջելով ընդունել օրինագիծը:
Միևնույն ժամանակ, վիճակագրության համաձայն, կանանց նկատմամբ բռնությունը լուրջ խնդիր է Հայաստանում: ՄԱԿ հետազոտության տավյալների համաձայն, Հայաստանի կանանց 60 տոկոսն առնվազն մեկ անգամ ենթարկվել այս կամ այն բռնության:
2015 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 645 դեպք` 2014 թվականի 575-ի դիմաց: Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընտանեկան բռնությանն առնչվող 215 գործ է հարուցվել: