Արմինֆո.Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում: Այդ մասին ասվում է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանության մեջ:
«Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- հայտարարել է Նալբանդյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները Երուսաղեմը ճանաչում են Իսրայելի մայրաքաղաք: Այդ քայլը բացասաբար է ընկալվել շատ երկրների կողմից: Ավելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա օրերին կքննարկի մերձարևելյան կարգավորումը: Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարության առնչությամբ Բոլիվիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Սենեգալի, Ուրուգվայի, Ֆրանսիայի և Շվեդիայի պատվիրակությունները հանդես են եկել մինչև շաբաթվա վերջ Խորհրդի շտապ հանդիպում կազմակերպելու պահանջով: