Արմինֆո.Հայաստանը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերն է՝ Բելառուսից և Ղազախստանից հետո:
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի /ВЦИОМ/ վերջին հարցման արդյունքների համաձայն՝ որպես Ռուսաստանի ամենահուսալի գործընկեր, Բելառուսից՝ 64% և Ղազախստանից՝ 57% հետո, ռուսները նշել են Հայաստանին՝ 16%: Ադրբեջանի հուսալիությունը հարցման մասնակիցները գնահատել են 10%, Ղրղըզստանի և Ուզբեկստանի՝ 8%, Վրաստանի՝ 6%, Տաջիկստանի, Մոլդովայի և Թուրքմենստանի՝ 5%, Ուկրաինայի 1%:
Հարցման արդյունքներով՝ ռուսների համակրանք ու աջակցությունն ամենից շատ վայելում են Բելառուսը 60% և Ղազախստանը 41%: Վերջիններիս հաջորդում են՝ Հայաստանը (16%), Ադրբեջանը (14 %), Վրաստանը (10 %), Ուզբեկստանը (7 %), Թուրքմենստանը (7 %), Ղրղըզստանը (5 %), Մոլդովան (4 %), Տաջիկստանը (3 %), և Ուկրաինան (1 %):
Հատկանշական է, որ ԱՊՀ անդամ պետությունների ամենավստահելի ղեկավարների ցուցակը գլխավորել են Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 62% և Նուրսուլթան Նազարբաևը՝ 56%: Հարցման արդյունքներում ԱՊՀ երկրների մնացած նախագահների անունների բացակայությունից դատելով՝ նրանց ռուսները չեն վստահում: