Արմինֆո. Ալբանիայի, Սերբիայի և Մակեդոնիայի անդամակցումը ԵՄ-ին եվրոպական շուկայի ամրապնդման և մեծացման չի հանգեցնի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևւսկին :
Wiener Zeitung-ում հրապարակված հարցազրույցում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Բալկանները նշել է որպես ԵՄ ընդլայնման համար հեռանկարային տարածաշրջան` քաղաքական և տնտեսական տեսանկյունից: Նրա գնահատմամբ, ԵՄ պատրաստ է նման ընդլայնման:
«Բավականին անարդյունավետ տնտեսություն ունեցող երկրների ընդգրկման միջոցով Եվրամիության ընդլայնման օրինակները բավականաչափ են, և նոր ընդլայնումը Բալկանյան թերակղզու վերը նշված երկրների հաշվին, որոնց տնտեսությունները, լավագույն դեպքում, զարգացման փուլում են, կդառնա եվրոպական ինտեգրացիոն քաղաքականության սնանկության հերթական օրինակ: Ավելին, բալկանյան և ցանկացած ուրիշ, օրինակ, «Արևելյան գործընկերիության՚ ուղղությամբ ընդլայնման քաղաքականության շարունակումը հղի է նոր խնդիրներով, հատկապես` Հին աշխարհի վերջին միտումների լույսի ներքո՚, - նշել է փորձագետը:
Նադեին-Ռաևսկու կարծիքով, Եվրամիության կառույցն ի սկզբանե նախատեսված էր նոր անդամների միացման համար` ԵՄ ներքին շուկայի աճի նպատակով: Այդ լույսի ներքո` ԵՄ նոր երկրների բացակայությունը հանգեցնում է եվրագոտու լճացման: Սակայն, ԵՄ նոր անդամների ընդգրկումը, որոնք ունեն, լավագույն դեպքում, պոտենցիալ շուկաներ, նրա գնահատմամբ, չի կարող լուծել լճացման խնդիրը:
ԵՄ Արևելյան գործընկերության նախագծի հիմնական նպատակը Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ Եվրամիության ինտեգրացիոն կապերի զարգացումն է: Նախագիծը նախատեսում է ասոցացման շուրջ երկկողմ համաձայնագրերի ստորագրում ԵՄ և գործընկեր երկրների միջև, ինչը պետք է կարևոր քայլ ծառայի եվրոպական սոցիալ-տնտեսական և քաղաքական տարածությունում դրանց հետագա ինտեգրման ճանապարհին: Նախագծի մասնակից երկրների ԵՄ անմիջական անդամակցում նախագիծը չի նախատեսում:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: