Արմինֆո.Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը բնավ Երևանի «երկրորդ փորձի՚ արդյունք չէ, քանի որ «համապարփակ և ընդլայնված գործընկերության՚ մասին փաստաթուղթն ազատ առևտրի գոտու ստեղծում չի նախատեսում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններում վավերացումից հետո:
«Նույնիսկ ֆորմալ-իրավական տեսանկյունից Հայաստանը չի կարող ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծել եվրասիական համակարգող կենտրոնների գլխի վրայով: Շրջանակային համաձայնագրի ստորագրումը «կամ` կամ՚ ընտրությունից հրաժարվելու արդյունք է` հաշվի առնելով Հայաստանի համար անվտանգության ռուսական հովանոցի նկատմամբ այլընտրանքի բացակայությունը` առկա իրողություններում: Ընդ որում, տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը Երևանի համար չափազանց կարևոր է: Հակառակ դեպքում` Հայաստանի մեկուսացումից կորուստները կընկնեն Ռուսաստանի ուսերին, ինչը հազիվ թե ամրապնդի վերջինի դիրքերը Կովկասում՚, - համոզված է վերլուծաբանը:
Նրա գնահատմամբ, համաձայնագիրն ակնհայտորեն հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների կարգավորման նշնան չէ, սակայն, «և` և՚-ի օգտին «կամ` կամ՚ կոշտ սկզբունքից հրաժարվելը խորհրդանշական է թվում: Մարկեդոնովը կարծում է, «կամ` կամ՚ մաքսիմալիստական մոտեցումը հաշվի չէր առնում իրավիճակի ողջ բարդությունը հետխորհրդային պետություններում և հասարակություններում:
«Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանից հեռանալն առանց անվտանգության ոլորտում համապատասխան փոխհատուցման, հնարավոր է, և երկրին խոստանում էր ինչ-որ տնտեսական օգուտներ, սակայն չէր երաշխավորում Երևանի դիրքերի պահպանում Ղարաբաղում և Թուրքիայի հետ հարաբերություններում: Այդ պատճառով 2013 թվականին որոշում կայացվեց նախ ՄՄ-ին, ապա` ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին: Երևանը երկու մաքսիմալիզմներից ընտրեց ռուսականը` որպես ավելի հուսալի երկրի անվտանգության ապահովման համար՚, - կարծում է վերլուծաբանը:
Այդ ֆոնին Հայաստանը, նրա կարծիքով, հարաբերություններ է զարգացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի հետ, առաջին հերթին` ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության պատճառով: 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման շուրջ մեկ երրորդը և ներմուծման մոտ կեսը բաժին է ընկել ԵՄ երկրներին: Երևանն ի դեմս ԵՄ նաև տեսնում է կարևոր գործընկերոջ նոր տեխնոլոգիաների զարգացման մասով: «Սակայն ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն Հայաստանին չեն տալիս անվտանգության այն երաշխիքները, որոնք ապահովում է Ռուսաստանը` սկսած Թուրքիայի հետ սահմանին ռազմակայանից մինչև մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանի այդ դերը գրեթե անվերապահորեն ճանաչում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան գործընկերները՚, - ամփոփել է վերլուծաբանը: