Արմինֆո. Մարտական ԱԹՍ-ներ ատադրող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության ներդրողները 115 մլն դոլարի հայց են ներկայացրել ընկերության դեմ այն բանի համար, որ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները Բաքվի խնդրանքով հարվածել են Արցախի հայկական դիրքերին:
Այդ առնչությամբ Քնեսետի պատգամավոր Տամար Զանդբերգը դիմել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին, առաջարկելով դադարեցնել անօդաչուների մատակարարումներն Ադրբեջանին, քանի որ ընկերությունը հայկական դիրքերի գրոհի առնչությամբ վիթխարի ֆինանսական կորուստներ է կրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելում քրեական գործ է հարուցվել Aeronautics Defense Systems ընկերության դեմ, որը կասկածվում է Ադրբեջանի խնդրանքով 2017 թվականի ամռանը հայկական ԶՈՒ վրա կամիկաձե անօդաչու թռչող սարքերի փորձարկման համար:
Օգոստոսին իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ զենքի վաճառքը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ ադրբեջանցիների խնդրանքով ընկերությունը Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ցուցադրել էր Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:
Aeronautics Defense Systems-ի աշխատակիցները հրաժարվել էին կատարել անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու ղեկավարության հրահանգը, և, ի վերջո, ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը ստիպված է եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է` ընկնելով հայկական ԶՈՒ դիրքերից 100 մ հեռավորության վրա: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը սառեցրել է ընկերության գործունեությունը և ստուգումներ է անցկացնում նրա հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ, ինչի հետևանքով վիժեցվել էր ընկերության 20 մլն դոլարի պայմանագիրը: