Արմինֆո.ԵՄ հետ համաձայնագիրը բարենպաստ կանդրադառնա իրական քաղաքական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման և Բրյուսելի հետ Հայաստանի փոխգործակցության վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր իսկանդարյանը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների որոշ ուղությունների Եվրամիությունը կաջակցի ոչ միայն փորձագիտական տեխնիկական գնահատականով, այլև` ուղիղ ֆինանսական ներարկումներով: Իհարկե, միանգամից բոլոր ներհայաստանյան իրողությունների փոփոխություն ակնկալելու հարկ չկա, քանի որ բարեփոխումների արդյունքը տարրականորեն զգալու համար անհրաժեշտ է վիթխարի աշխատանք, առաջին հերթին, Հայաստանի օրենսդրությունը եվրոպականի հետ ներդաշնակեցման ուղղությամբ՚, - ընդգծել է քաղաքագետը:
Ընդհանուր առմամբ, Իսկանդարյանը համաձայնագիրը գնահատում է որպես լավ մշակված շրջանակային պայմանագիր` պարտավորություններով և նորմատիվային հիմքով, որը ենթադրում է գործողություններ երկու կողմից:
Նշենք, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններում վավերացումից հետո։