Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում է զոհված զինծառայողի դին, որը ՀՀ ՊՆ-ն պատրաստ է հանձնել՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում: Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են: