Արմինֆո.Մոսկվայում Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի նոյեմբերի 24-ին ստորագրման պատրաստվող ԵՄ հետ համաձայնագիրը, սեփական վարչապետության հեռանկարներն ու գինը և, իհարկե, Արցախյան խնդիրը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
Նոյեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ կհանդիպի ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
«Կանխատեսել, թե Սարգսյանի մոսկովյան այցի արդյունքում կստորագրվի, թե չի ստորագրվի ԵՄ հետ համաձայնագիրը, բավական դժվար է: Հասկանալի է, որ ամեն դեպքում երկուստեք պահանջներ կդրվեն: Այլ կերպ ասած՝ ստորագրումը կստիպի Երևանին կատարել Մոսկվայի որոշակի պահանջներ, իսկ ստորագրումից հրաժարվելը՝ կստիպի Մոսկվային զիջումների գնալ Երևանին: Այդ պատճառով Եվրոպայի հետ հարաբերությունների հեռանկարների հարցը, անշուշտ, կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում»,- գամոզված է քաղաքագետը:
Ենոքյանը գտնում է, որ Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը հասարակության կողմից չի որոշվում՝ նույնիսկ ՀՀԿ շրջանակներում: Ըստ նրա, Հայաստանը հասել է վիճակի, երբ սեփական վարչապետի թեկնածության հաստատման թույլտվություն է ակնկալում Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ Սարգսյանը կարող է վարչապետ չդառնալ: Նա ուղղակի պետք է դրա համար բազմաթիվ մանր ու մեծ ծառայություններ մատուցի Կրեմլին»,- համոզված է քաղաքագետը:
Արցախի հարցը ,ըստ Ենոքյանի, նույնպես հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում է գտնվում՝ հաշվի առնելով դիտվող նոր տարածաշրջանային ազդակները: Ըստ նրա, խոսքը վերաբերում է Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի կողմից որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերմանը, ինչն ակնհայտ է, քանի որ միջազգային մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Հարավային Կովկասի անմիջական հարևաններն են:
«Այս առումով ավելի քան ակնհայտ է, որ մեր երեք կովկասյան երկրները մանրադրամ են վերոհիշյալ երեք տարածաշրջանային տերությունների հարաբերություններում: Դրանցից ամենախոշորն Արցախի հարցն է, քանի որ այլ երկրների հետ, առնվազն հիմա, նման կարևոր հարցեր, չգիտես ինչու, չկան»,- ամփոփել է քաղաքագետը: