Արմինֆո.2018 թվականին Հայաստանի քաղաքացիները 10 տոկոսով ավելի վատ կապրեն, քան` 2017 թվականին: Նոյեմբերի 15-ին այդպիսի կանխատեսմամբ հանդես է եկել «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` 2018 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Նրա ասելով, հաջորդ տարի կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, չեն ավելանա նաև նպաստներն ու նվազագույն աշխատավարձի չափը: Առողջապահության ոլորտի ծախսերը կնվազեն 5 մլրդ դրամով, սոցիալական ոլորտինը` 300 մլն դրամով, կրթության ոլորտինը` 700 մլն դրամով: Ընդ որում, կավելանա արտաքին պարտքի չափը: Կառավարությունը մտադիր է ներգրավել այնքան վարկային ռեսուրսներ, որքան ներգրավվել է ցնցումների տարիներին: Միևնույն ժամանակ, հանրապետության ներքին շուկայում գները աճի միտում ունեն, և 2018 թիվն ինֆլյացիայի տեսանկյունից կլինի ամենաբարդերից մեկը` վերջին տարիների համեմատ: 2014 թվականից ի վեր ինֆլյացիան Հայաստանում կազմել է շուրջ 10 տոկոս, ինչը նշանակում է ոչ թե աղքատության մակարդակի կրճատում, այլ, ընդհակառակը` աղքատ բնակչության աճ: «Մարդիկ կապրեն, առնվազն, 10 տոկոսով ավելի վատ` քան նախորդ տարիներին: Սակայն բյուջեում կա հոդված, որի համաձայն, 2018 թվականին 2,5 մլրդ դրամով կավելանան պետական ծառայողների պարգևատրման ծավալները: Ընդ որում` պարգևատրման ծավալները կավելանան 437 տոկոսով՚, - հայտարարել է Փաշինյանը:
Ի պատասխան` ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ բյուջեն կազմվում է ոչ թե մեկ, այլ` 3-5 տարվա համար: 2013 թվականին կենսաթոշակների միջին չափը կազմել է 30 հազար դրամ, այսօր այն հավասար է 41 հազար դրամի կամ 30 տոկոսով ավելի է: 2015-2016 թվականներին ինֆլյացիան կազմել է 5,3 տոկոս: Աշխատավարձի նվազագույն չափը 2012 թվականից ի վեր ավելացել է 65 տոկոսով` 2012 թվականի 32,5 հազարից մինչև ներկայիս 55 հազար դրամ: 2018 թվականի համար Հայաստանը տնօրինում է սահմանափակ ֆինանսական ռեսուրսների: Հեռանկարային զարգացումների տեսանկյունից հարցը կենսաթոշակներն ու նպաստները չեն: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ տնտեսության աճի, արտոնյալ վարկերի տրամադրման համար, ինչը, վերջնական արդյունքում, կհանգեցնի քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման:
Սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այդ դիրքորոշմանը: Նա նշել է այն փաստը, որ Ադրբեջանի հետ սահմանակից համայնքների համար առևտրային բանկերը վարկեր են տրամադրում ավելի բարձր տոկոսադրուքով` հաշվի առնելով ռիսկի առկայությունը: «Փաստը մնում է փաստ. աղքատության մակարդակը չի հաջողվում նվազեցնել՚, - հայտարարել է պատգամավորը: