Արմինֆո. Ուսանողները հացադուլ են հայտարարել՝ որպես պարտադիր զինծառայությունից տարկետման վերացման վերաբերյալ օրինագծի դեմ բողոքի նշան:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր էջում նշել է, որ այդպիսով իրենք պայքարում են հասարակական անտարբերության, ինչպես նաև տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ: Հացադուլ իրականացնող հինգ տղաներից չորսը ծառայել է բանակում:
Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված զինծառայության մասին օրենքով արմատապես փոխվում է ուսումնառության նպատակով տրամադրվող տարկետման իրավունքի կարգը: Ըստ այդմ, տարկետումից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնել, իսկ ուսումնառությունից հետո ծառայել Պաշտպանության նախարարության նշած վայրում՝ երեք տարի ժամկետով։ Հակառակ պարագայում, 18 տարին լրանալուց հետո երիտասարդները կզորակոչվեն բանակ՝ երկու տարի ժամկետով: Ի դեպ նշենք, որ զինծառայության մասին օրինագծի համաձայն զինածառայության ենթակա անձինք կարող են օգտվել տարկետման իրավունքից ուսումնառությունից բացի նաև ընտանեկան, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով։
Ուշագրավ է հատկապես երեխաների առկայության դեպքում տրամադրվող արտոնությունները: Տվյալ դեպքում, ըստ օրինագծի, պարտադիր զինծառայությունից կարող են ազատվել այն երիտասարդները, ովքեր մինչև բանակ զորակոչվելը կունենան երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների: Ուշագրավ է նաև մեկ այլ դրույթ, բանակից կարող են ազատվել այն երիտասարդները, ովքեր ունեն առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին:
Նշենք, որ խորհրդարանն այսօր զինծառայության մասին օրենքի նախագիծը քննարկում է 2-րդ ընթերցմամբ: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնում է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: