
Արմինֆո. Մենք երբեք չենք խնդրում մեր բարեկամ, գործընկեր երկրներին աջակցել Հայաստանին որևէ մեկի, ներառյալ Ադրբեջանի դեմ, Իսրայելի հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մեր ակնկալիքն է՝ աջակցել միջազգային հանրության դիրքորոշմանը և համահունչ լինել դրա հետ: Միջազգային հանրությունը մանդատ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն միջազգային հանրության դիրքորոշման հետ»,- ասել է Նալբանդյանը:
Միաժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավարը չի համաձայնել հավաստմանը, որ միջազգային հանրության դիրքորոշումը այն է, որ այդ տարածքները ադրբեջանական են: «Դա միջազգային հանրության դիրքորոշումը չէ: Ինչպես ես ասացի, միջազգային հանրության դիրքորոշումն արտահայտված է երեք համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, և այնտեղ շատ հստակորեն ասված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական պարտադիր ուժ կունենա, ներառյալ Ադրբեջանի համար: Սա է միջազգային հանրության դիրքորոշումը, և մենք աջակցություն ենք հայտնում այս դիրքորոշմանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներին, և, ի դեպ, սա նաև երեք համանախագահ երկրների դիրքորոշումն է, այսինքն նաև միջազգային հանրության ու Հայաստանի դիրքորոշումը, որ պետք է հարգվեն 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված եռակողմ անժամկետ համաձայնագրերը` հրադադարի հաստատման և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Ադրբեջանը մշտապես փորձում է չհարգել հրադադարի համաձայնագրերը և նույնիսկ հարցականի տակ դնել այդ համաձայնագրերի ուժի մեջ լինելը:
Սա է տարբերությունը մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև: Ավելին, միջազգային հանրությունը երեք համանախագահների միջոցով հանդես է եկել հրադադարի համաձայնագրերի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկով: Հայաստանն աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկին, որը կարող է նաև ծառայել որպես կանխարգելման մեխանզիմ: Ադրբեջանը մերժում է այս մեխանիզմի ստեղծումը: Իհարկե, եռանախագահ երկրնեը միջնորդներ են և միշտ չէ, որ կարող են իրենց կարծիքը արտահայտել բաց և հրապարակային ձևով։ Չնայած դրան նրանք մշտապես ասում են, որ այն կողմը, որը հրաժարվում է կանխագելման մեխանիզմի ստեղծումից, կրում է հրադադարի խախումների ողջ պատասխանատվությունը»: