Արմինֆո. Ստեփանակերտի համար առաջնային հարցն այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ներգրավվածությունն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Նրա խոսքով, փաստը, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն ընթանում են՝ առանց դրանց Ստեփանակերտի մասնակցության, անընդունելի է: «Հայաստանի խորհրդարանականներն, իհարկե, ամեն բան անում են արցախյան հարցը միջազգային մակարդակով ճիշտ ներկայացնելու համար և իրենց հնարավորությունների սահմաններում պաշտպանում են Արցախի շահերը, բայց մենք ուզում ենք, որ մեզ տրվի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Ճիշտ չէ երկրի ճակատագիրը վճռել՝ առանց վերջինիս մասնակցության: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը պետք է նպաստեն մեր վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ միայն այդ դեպքում կարելի է առավելագույնս արդար կերպով լուծել հարցը»,- հայտարարել է Մխիթարյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ նա նշել է, որ այսօր Ադրբեջանը չի առաջարկում տարբերակներ, որոնք կնպաստեին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այդ իսկ պատճառով, հնարավոր է, մեր վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունենա պատերազմի միջոցով»,- հայտարարել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Արցախը միշտ պատրաստ է պատերազմի՝ դեռ 88-ական թվականներից: