Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ Հայաստանի ազգային թիմի պայմանավորված խաղի հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինչպես արդեն հաղորդվել է, պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Federbet միջազգային կազմակերպությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հերթական անգամ կասկածել է պայմանավորված խաղ կազմակերպելու համար, այս անգամ` Բելառուսի հետ: 2015 թվականին Հայաստանի թիմին կասկածել էին Ալբանիայի հավաքականին խաղը հանձնելու համար, որն այդպիսով պատմության ընթացքում առաջին անգամ հասավ Եվրոպայի առաջնության:
Նոյեմբերի 9-ին Երևանի «Հանրապետական՚ մարզադաշտում Հայաստանի և Բելառուսի հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի: Հաղթողի կազմում իրենց հաշվին գոլեր են գրանցել Արազ Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանը և Էրիկ Վարդանյանը: Բելառուսի հավաքականի կազմում աչքի է ընկել Անտոն Սարոկան, ով իրացրել է տուգանայինը: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրամրցաշարում երկու թիմերը չեն կարողացել հասնել եզրափակիչ փուլի:
Մասնավորապես, Federbet-ի վերլուծաբանները որպս անոմալ են գնահատել խաղի ժամանակ խաղադրույքների և գործակիցների անսովոր տեղաշարժերը: Նշվում է, որ մինչև խաղը գործակիցների տարօրինակ շարժեր չեն եղել: Սակայն միջազգային բուքմեյքերները «տոտալ 2.5-ից ավելի՚ շուկայի գծերը բացել են (3 և ավելի գոլ) «երկուսի՚ սահմաններում գործակիցներով` ինչը կասկածի առիթ է տվել: Նշվում է, որ կասկածները հաստատվել են. առաջին խաղակեսի ավարտին Արազ Օզբիլիսն ու Հենրիխ Մխիթարյանը խփել են երկու արագ գոլ, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց հաշիվն արդեն 3:0 էր, և` կասկածելի խաղադրույքները, որոնք հարուցել են գործակցի անոմալ տեղաշարժ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանն Ալբանիայից կրած պարտության համար սլաքներն ուղղել էր հավաքականի առաջատար խաղացողների` հարձակվող Յուրա Մովսիսյանի, պաշտպան Ռոբերտ Արզումանյանի և դարպասապահ Գևորգ Կասպարովի ուղղությամբ: Հայրապետյանը նրանց մեղադրել էր խաղը միտումնավոր ալբանացիներին հանձնելու համար և արգելել էր հանդես գալ հավաքականի կազմում, հայտարարելով, թե քանի դեռ ինքն է գլխավորում ֆեդերացիան, նրանք հավաքականում չեն խաղա: Հայրապետյանի գործունեությունը հանգեցրել է ազգային թիմի, գործնականում, բոլոր օղակներում հզոր ճեղքածքների առաջացման, որոնք մարզիչները չեն կարողանում փակել` ահա արդեն երկու տարի: