Արմինֆո. «Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Արցախի Հանրապետությունը պայքարում է ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ՝ ազատության և անկախության համար»,- Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, քանի որ Արցախը չի կարող իր խնդիրները բարձրացնել միջազգային հարթակներում, հայ դիվանագետները պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ օտարերկրյա գործընկերներին այդ հարցը լիարժեք և ճիշտ ներկայացնելու նպատակով: «Շատ կարևոր է ակտիվ քարոզչական աշխատանք տանել այլ երկրների պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս այցելեն Արցախ»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով ինքնորոշման վերջին միջազգային գործընթացներին՝ Շարմազանովն ընդգծել է, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել դրանց միջև: «Ղարաբաղյան խնդիրը նման չէ ոչ Ղրիմի, ոչ Աբխազիայի, ոչ Կատալոնիայի հարցերին, այն առանձին գործընթաց է: Մենք պետք է մեր եվրոպացի գործընկերներին հասկացնենք, որ Արցախը, ինչպես հետխորհրդային մյուս երկրները, ինքնորոշվել է՝ միջազգային իրավունքների նորմերի համաձայն: Եվ եթե վերջինիս ինքնորոշման գործընթացը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից, այն չպետք է ճանաչի նաև խորհրդային հանրապետությունների ինքնորոշումը»,- ընդգծել է Շարմազանովը:
Նա նաև միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացրել է այն փաստի վրա, որ Արցախն իր անկախության տարիներին կարողացել է կառուցել ավելի ժողովրդավար պետականություն, քան՝ Ադրբեջանը: «Եվ դա ասում ենք ոչ թե մենք, այլ՝ արտասահմանյան բոլոր պատվիրակությունները, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ