Արմինֆո. Մեծ է հավանականությունը, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ստորագրի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը: Նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա ասելով, անգամ, եթե ամսի 24-ին համաձայնագիրը չստորագրվի, այն կստորագրվի դրանից հետո: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանին պարտադրվի իրեն «ոչ հարմար՚ փաստաթղթի ստորագրում, Իսկանդարյանն ասել է, որ Երևանն ազատ է չստորւագրել այն փաստաթղթերը, որոնք իրեն դուր չեն գա, այդ թվում` պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ: «Նրան ոչ ոք բռնի չի ստիպի ինչ-որ բան ստորագրել: Այլ բան է, որ Բրյուսելի գագաթնաժողովում կարող են ընդունվել փաստաթղթեր, որոնց վրա Հայաստանը չի կարող ազդել՚, - նշել է քաղաքագետը:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման շուրջ երկխոսության մեկնարկը կախված է շրջանակային համաձայնագրի ստորագրումց, փորձագետը փաստել է, որ դրանք երկու տարբեր գործընթացներ են, սակայն, կարող է լինել ինչ-որ փոխադարձ կապ: «Անգամ, եթե Արևելյան գործընկերության Բրյուսելի գագաթնաժողովից հետո հայտարարվի վիզային գործընթացի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին,այսրոպեական լուծումներ ակնկալելու հարկ չկա: Բանակցային գործընթացը կտևի, առնվազն, 3-4 տարի, քանի որ հարկավոր է ներդաշնակեցնել օրենսդրությունները, և այստեղ չի բացառվում ձգձգումը՚, - եզրափակել է Իսկանդարյանը: