Արմինֆո.Արցախի և Հայաստանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացմամբ ուղեկցվող թուլացումը Ռուսաստանին ձեռնտու չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Վերջիվերջո, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարը դեռ ոչ ոք չի վերացրել: Հետևաբար՝ Արցախի վերաբերյալ որևէ որոշում, առանց Հայաստանի կարծիքը, և, համապատասխանաբար, շահերը հաշվի առնելու, Մոսկվան թույլ չի տա. դա ուղղակի չի բխում վերջինիս շահերից: Անկարան իր հերթին Մոսկվայի առաջ Ղարաբաղի խնդիրը միշտ կբարձրացնի, սակայն այդ հարցում թուրքերին ընդառաջելու ցանկություն Ռուսաստանի մոտ չեմ տեսնում»,- նշել է թուրքագետը:
Ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր հանդիպման ժամանակ, այլ հարցերի թվում, նաև ղարաբաղյան խնդրի քննարկման մասին: Էրդողանը ենթադրել էր, որ այդ խնդրի վրա ռուս գործընկերոջ կենտրոնանալու դեպքում այն «հեշտ կլուծվի»:
Թուրքագետը հիշեցրել է, որ ռուս-թուրքական որոշակի մերձեցում տեղի է ունենում՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածաշրջանային շահերի հակասությունների լույսի ներքո: Մինչդեռ Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից Հայաստանը, ըստ նրա, աշխարհաքաղաքական զգալի հետաքրքրութուն է ներկայացնում Մոսկվայի համար՝ հատկապես հաշվի առնելով Գյումրիում 102-րդ ռազմակայանի առկայությունը:
«Այս առումով, կարծում եմ, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի ավելի շատ մերձեցման հեռանկարներ չկան: Իակ Արցախի հարցում Մոսկվայի և Անկարայի միջև փոխհամաձայնության ձեռքբերումն էլ ավելի քիչ հավանական է»,- ամփոփել է Սաֆրաստյանը: