Արմինֆո.Նորվեգիան մերժել է պաշտպանական նշանակության միջոցների գնման Ադրբեջանի հայտը: Այդ մասին ասվում է 2016 թ. սպառազինությունների արտահանման վերաբերյալ խորհրդարանական զեկույցում՝ հրապարակված Նորվեգիայի արտգործնախարարության կողմից:
Հատկանշական է, որ Ադրբեջանի հետ միասին մերժում է ստացել Իսրայելը: Մերժման որոշումը երկրի կառավարությունը բացատրել է այն բանով, որ Նորվեգիան դեմ է զենքի և ռազմամթերքի վաճառքին այն շրջաններին, որտեղ պատերազմ է ընթանում պետությունների միջև կամ քաղաքացիական պատերազմի վտանգ կա:
Հիշյալ հանգամանքը հարուցել է իսրայելական Med Israel for Fred (MIFF) կազմակերպության դժգոհությունը, որը Նորվեգիայի կառավարությանը մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու մեջ և պահանջել է վերանայել այդ որոշումը ու թույլ տալ Իսրայելին սպառազինության մատակարարումները:
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել հակամարտության մեջ ներգրավված երկրներին սպառազինության վաճառքի արգելքի օգտին: