Արմինֆո. Ռուսաստանը շահագրգռված է ունենալ ուժեղ և անկախ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի: Այդ մասին Ժողովրդական միասնության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
«Խոսքս վերաբերում է նաև այստեղ ներկա գտնվող Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի գործընկերներին: Միահամուռ կերպով միայն կկարողանանք դիմակայել գլոբալ և տարածաշրջանային մասշտաբների մարտահրավերներին: Համոզված եմ, որ շարունակելով սերտ փոխգործակցություինը՝ մենք կապահովենք մեր երկրների կայուն զարգացումը և բարգավաճումը»,-ասել է դեսպանը:
Խոսելով տոնի մասին՝ Վոլինկինը նշել է, որ Ժողովուրդների միասնության օրը խորհրդանշում է ազգային համաձայնության և ընդհանուր նպատակների ու խնդիրների շուրջ համախմբվածության գաղափարը: «Հայրենիքին անձնուրաց հավատարմությունը և պատասխանատվության զգացումը միշտ մեր երկրի անկախության հիմք են ծառայել, իսկ հայրենասիրությունը և Հայրենիքի հանդեպ սերը դարեր շարունակ համախմբել են բազմազգ ժողովուրդներին: Արդի աշխարհի իրողությունները ձևավորում են համախմբման պահանջ՝ ոչ միայն ներպետական մակարդակով, այլ նաև միջազգային ասպարեզում: Երեխաների և երիտասարդության՝ հայրենասիրության և պատմական Հայրենիքի հանդեպ սիրո ոգով դաստիարակությունը, հասարակությունում հոգևոր, բարոյական կողմնորոշիչների ու ավանդական արժեքների ամրապնդումը ցանկացած ժամանակակից պետության այն հիմքերն են, որոնք թույլ են տալիս գործուն հակահարված տալ օտար արժեքներ պարտադրելու, դարավոր հիմքերը խարխլելու, օրենսդրական մակարդակով վնասակար դրույթներ ամրագրելու փորձերին: Այդ մարտվարությունը նպատակ ունի գժտեցնել հարևաններին, ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, «հիմարացնել ու մոլորեցնել» բնակչությանը»,- նշել է նա:
Այս առնչությամբ, ըստ Վոլինկինի, մեծ պատասխանատվություն է ընկած զանգվածային լրատվամիջոցների վրա: Նրա խոսքով, յուրաքանչյուր լրագրող, գլխավոր խմբագիր կամ քաղաքագետ պետք է ոչ միայն սենսացիոն նյութերի և «թեժ» լուրերի միջոցով գումար վաստակի, վարկանիշ ապահովի, այլ նաև մտածի հետևանքների մաիսն, գիտակցի հասարակության առջև իր պատասխանատվությունը: «Միջմշակութային, միջքաղաքակրթական երկխոսության բարելավման վրա, անշուշտ, դրական ազդեցություն կարող են և պետք է ունենան ավանդական կրոնական ինստիտուտները: Մեծանում է նաև քաղաքացիական հասարակության դերը, որը լիակատար չափով պետք է պատասխանատվության իր բաժինը կրի պետությունում կայունության և խաղաղության պահպանման համար»,- ասել է դեսպանը: