Արմինֆո. 2018 թվականի բյուջեով ՀՀ սփյուռքի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1,4 մլրդ դրամ, որից 358 մլն կուղղորդվի նախարարության աշխատակազմը պահելուն, 324 մլն` մշակութային ծրագրերի իրագործմանը: Ազգային ժողովում բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ այդ մասին հաղորդել է գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, իր հերթին, հաղորդել է, որ տրամադրվելիք միջոցներով նախատեսվում է իրագործել 25 ծրագիր, 12 խորհրդաժողով և կլոր սեղաններ: Նա նաև նշել է, որ բյուջետային միջոցներից զատ նախարարությունը ձգտում է հայթայթել արտաբյուջետային ֆինանսավորում` առաջադրված խնդիրների իրագործման համար:
Հիմնական խնդիրներից սփյուռքի նախարարը նշել է մայրենի լեզվի կորստի սպառնալիքը: Անդրադառնալով Սփյուռքի հետ աշխատանքի եղանակներին` Հակոբյանը նշել է, որ այդ ոլորտում իմպերատիվը տեղին չէ: «Մենք ավելի շատ աշխատում ենք գործընկերային, կամավոր սկզբունքներով, այլ կերպ հնարավոր չէ: Ես կարող եմ նրանց նամակ գրել, իսկ նրանք կարող են անգամ չպատասխանել ինձ՚, - բացատրել է Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը նաև հաղորդել է, որ ներկայում հայ համայնքներ կան աշխարհի 118 երկրներում, և նախարարությունն ամեն տարի փոխում է իր գերակայությունների աշխարհագրությունը:
Հակոբյանը նաև հաղորդել է, որ 2018 թվին կմեկնարկի հայրենադարձության նոր ծրագրի իրագործումը: «Այդ ուղղությամբ պետք է աշխատեն բոլոր գերատեսչությունները: Կմշակվի հայեցակարգ, օրինագիծ: Մենք ուսումնասիրում ենք աշխատանքի շուկան` մասնագետների հայրենադարձություն կազմակերպելու համար, այսինքն, կհասկանանք, թե որ ոլորտներում պրոֆեսիոնալների կարիք ունենք, և պայմաններ կստեղծենք համապատասխան մասնագետների հայրենադարձության համար: Ընդ որում, Հակոբյանը խոստովանել է, որ նախարարությունը չունի որոշակի հաշվարկներ, թե քանի մարդ կարող է վերադառնալ Հայաստան 2018 թվականին ծրագրի իրագոծման մեկնարկից հետո: Փոխարենը` Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ մինչև 2040 թիվը Հայաստանի բնակչության թիվը մինչև 4 մլն ավելանալու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրատեսական է: «Նախագահը այդ թիվը հենց այնպես չի նշել: Նա հիմնվել է որոշակի վերլուծությունների և ժողովրդագրական տվյալներ վրա՚, - հավաստիացրել է նախարարը: