Արմինֆո. Եթե Ադրբեջանը խելքի գա, և լուծումը լինի փոխզիջումային, այն ցավոտ կլինի կողմերի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկինաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը, թե ցավոտ լուծում է լինելու Ղարաբաղի հարցում, և պետք է պատրաստ լինել դրան:
Սակայն, ինչպես ընդգծել է նա, այսօր դա դեռևս հեռու է: Փոխնախարարը նշել է, որ հակամարտության վերջնական կարգավորման ժամանակ գործընթացում պարտադիր կերպով պետք է ներգրավվի Ստեփանակերտը: «Առանց Արցախի մասնակցության, ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումն անհնար է»,- հայտարարել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ կողմերը դեռ հեռու են խնդրի կարգավորումից: «Ադրբեջանի վարած քաղաքականության պարագայում խոսել հայկական կողմի զիջումների մասին հնարավոր չէ: Մինչ այսօր ադրբեջանական կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման եվրաբերյալ որևէ կառուցողական հայտարարություն չի հնչել, հետևաբար՝ մեր կողմից ինչ-որ բան խոսելը նպատակահարմար չէ»:
Անդրադառնալով Սարգսյանի և Ալիևի հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի հերթական սադրանքներին՝ Քոչարյանը հավաստիացրել է, որ դրանք անսպասելի չէին հայկական կողմի համար. «Դա Ադրբեջանի սովորական ձեռագիրն է»: Նա նաև ընդգծել է, որ Բաքվի՝ նախագահների հանդիպմանը հաջորդած նյարդային ռեակցիաները վկայում են այն մասին, որ այն ամենևին Ադրբեջանի շահերից չի բխել: «Սակայն, մենք պահանջելու ենք, որ Ադրբեջանը կատարի միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները»,- նշել է նա ՝ ընդգծելով, որ առանց հակամարտության գոտում վստահության մեխանիզմների իրականացման, բանակցությունները հնարավոր չեն: «Իսկ վստահության մեխանիզմների թվում է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ամփոփել է նա: