Արմինֆո. Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ոչ կոռեկտ է համարել ՀՀ դեսպանների թեկնածության վերաբերյալ «արտահոսքերը՚ ԶԼՄ-ներում: «Աշխարհի ոչ մի երկրում, որտեղ դեսպաններին նշանակում է արտաքին քաղաքական գերատեսչությունը, մինչև պաշտոնական նշանակումը ԶԼՄ-ներում չեն կարող լինել այնպիսի քննարկումներ, ինչպես վերջին ժամանակները Հայաստանում՚, - հայտարարել է փոխարտգործնախարարը` անդրադառնալով Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածության վերաբերյալ «արտահոսքին՚ ԶԼՄ-ներում:
Քոչարյանի ասելով, մինչև դեսպաննեիր պաշտոնական նշանակումը նման քննարկումներ են ծավալվում միայն այն երկրներում, որտեղ նրանք նշանակվում են խորհրդարանի կողմից: Անդրադառնալով Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի թեկնածությանը և նրա անվան շուրջ ԶԼՄ-ներում շրջտանառվող ոչ միանշանակ լուրերին` փոխարտգործնախարարը խորհուրդ է տվել գնահատականներ տալ այն բանից հտո, երբ նոր դեսպանը կանցնի իր պարտականությունների կատարմանը: «Մենք պետք է նայենք, թե նա ինչպես է աշխատում, և հետո միայն գնահատականներ տանք՚, - հայտարարել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի համար ընտրվել է Սադոյանի թեկնածությունը, որը ոչնչով աչքի չի ընկել քաղաքական կամ որևէ այլ ոլորտում, Շավարշ Քոչարյանը նշել է, որ այդ հարցը որոշում է երկրի նախագահը:
Հավելենք, որ մինչև Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում Սադոյանի նշանակվելը շրջանառվում էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանի անունը, սակայն այդպես էլ չնշանակվեց` անհայտ պատճառներով: Իսկ Սադոյանը մինչև վերջին նշանակումը 2012-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր, սակայն առանձնապես ակտիվությամբ աչքի չի ընկել օրենսդրական և քաղաքական ասպարեզում:
Վրաստանում ՀՀ արդեն նախկին դեսպան, համաշխարհային ճանաչում ունեցող ծանրորդ Յուրի Վարդանյանն ստիպված էր դադարեցնել իր առաքելությունը` առողջական վիճակի բերումով: