Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, մասնավորապես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ
կրթությունն անվճար է:
«Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը:
Ընդ որում՝ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը: Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծում երեխաների և նրանց ծնողների համար՚, - ասվում է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունում։