Արմինֆո. ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի գծով Հայաստանի պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող հակասել ինտեգրացիոն մյուս միավորումների գծով ավելի վաղ Երևանի ստանձնած պարտավորություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերիժ Սարգսյանը` bfm.ru-ի հետ հարցազրույցում:
«Վերջին ամսվա ընթացքում այդ համաձայնագիրը միանգամայն օբյեկտիվորեն մեկնաբանվում է ռուսական մամուլում: Այնտեղ ամեն ինչ շատ մանրամասն նկարագրվում է: Ըստ էության, դա ԵՄ հետ համագործակցության խորացում է: Առաջին հերթին` մեր հասարակության արդիականացում: Այնտեղ առկա են արդյունավետ կառավարում, մարդու իրավունքներ, տնտեսությանը գրեթե չի առնչվում: Ես ասում եմ «գրեթե՚, քանի որ իրականում այնտեղ կա կետ, որի համաձայն, այդ համաձայնագի գծով պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող հակասել ավելի վաղ այլ ինտեգրացիոն միավորումների հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորություններին՚, - պարզաբանել է Սարգսյանը և հավելել, որ այնտեղ հակասություններ չեն կարող լինել:
Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք Երևանը ստորագրում է ԵԱՏՄ շրջանակում: Նա հավաստիացրել է, որ իրականում էական տարբերություն չկա: «Ռուսաստանը ԱՀԿ անդամ է, մենք ԱՀԿ անդամ ենք, Ղազախստանն ու Ղրղըզստանը` նույնպես: Վերրջ ի վերջո, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ կհանգի այն բանին, որ գործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները: Այնտեղ, իհարկե, կան նաև այլ պահեր. տեխնիկական կանոններ, շատ այլ բաներ… Սակայն ԵԱՏՄ-ին հակասող ոչինչ չկա՚, - ասել է Հայաստանի ղեկավարը:
Անդրադառնալով ԵԱՏՄ ընդհանուր մաքսային քաղաքականությանը և առկա խնդիրներին` Սարգսյանը նշել է, որ հարցեր, անշուշտ, կարող են ծագել: «Մենք ունենք տարբեր երկրներ, տարբեր հնարավորություններ: Մյուս կողմից, եթե դու ուզում ես օգտվել մեծ շուկայի առավելություններից, պետք է ինչ-որ բանում զիջումների գնաս, սակայն դրանք բոլորը ժամանակավոր երևույթներ են: Ես կարծում եմ, որ վեիջ ի վ երջո, մենք կհասնենք սակագների այն մակարդակին, որոնք ունենք ԱՀԿ-ում: Եվս մեկ անգամ եմ ասում. Ռուսաստանը ԱՀԿ անդամ է, մենք ` նույնպես: Այո, մեր երկրներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակ տարբեր սակագներ է ստացել, սակայն, միևնույն է, դա տնտեսության զարգացման համար խոչընդոտ չի լինի: Այսինքն, այդ ողջ համալիրի օգուտն ավելի շատ է, քան առանձինի (հարցերի, դիրքորոշումների) վնասը՚, - եզրափակել է նա:
Հավելենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է Հայստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրում: