Արմինֆո. Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության շուրջ որևէ քննարկում երկրի նախագահի հետ չի եղել, հետևաբար՝ այդ առնչությամբ որևէ պայմանավորվածություն լինել չի կարող: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին իր և նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածության մասին, որ 2018 թ. ապրիլին նախարարների կաբինետը կգլխավորի Սարգսյանը, իսկ ինքը կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը:
Պատասխանելով իր ապագա ծրագրերի վերաբերալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ ուզում է ծառայել Հայրենիքին, և համոզված է, որ ապագան հիանալի կլինի: «Իսկ թե ով կլինի Հայաստանի վարչապետը 2018 թ. ապրիլին, կորոշի Հանրապետական կուսակցությունը»,- նշել է Կարապետյանը:
Խոսելով ՀՀԿ-ին իր անդամակցության մասին՝ վարչապետը հերթական անգամ հավաստիացրել է, որ արել է դա գիտակցված և չի ափսոսում կայացրած որոշման համար: Կարապետյանի հավաստմամբ, միջազգային տնտեսական ճգնաժամի տարիներին կառավարող ՀՀԿ-ն կարողացել է դուրս բերել երկիրը՝ նվազագույն կորուստներով: