Արմինֆո. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մեկն է, որտեղ միահյուսվում են մի շարք բարդագույն պատմական, աշխարհաքաղաքական, իրավական, արժեքային ասպեկտներ, և հասկանալի է, որ դրա համապարփակ կարգավորումը ոչ միայն բարդ, այլ նաև՝ ժամանակատար է: Այդ մասին «Ռազմական դիվանագետ» պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ըստ որում՝ հակամարտության կարգավորման ժամանակային բաղադրիչն արհեստականորեն կրճատելու ցանկացած փորձ հղի է անկանախտեսելի հետևանքներով ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև՝ ընդհանուր առմամբ գլոբալ անվտանգության համար: «Բացի այդ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել երկու հարթությունում: Առաջինը՝ բանակցային գործընթացն է, որն ուղղված է վերջնական, հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման տարբերակի հասնելուն և դրա իրավաբանական ձևակերպմանը: Հենց այս ուղղությունն է առավել բարդ և ժամանակատար, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում՝ բոլոր փուլերում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ, և հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի փաստաթղթի մշակման համար տքնաջան աշխատանք: Այս ուղղությամբ առաջընթացի հասնելու ճանապարհին հիմնական, կարելի է նույնիսկ ասել միակ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և ռեւանշիստական դիրքորոշումն ու քաղաքականությունն է»,- ավելացրել է Սահակյանը:
Նրա խոսքով, երկրորդ հարթությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության և կայունության պահպանումն է, առանց որի անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:
Սահակյանը համոզված է, որ այստեղ Մինսկի խմբի համանախագահները մեծ աշխատանք են կատարում, որը բանակցային գործընթացի համեմատությամբ պակաս հրապարակային է: «Հնարավոր է, հենց այս պատճառով կարող է սխալ տպավորություն ստեղծվել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փակուղում է»,- նշել է Բակո Սահակյանը: