


Արմինֆո. Հոկտեմբերի 25-ի նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին՚ օրենքի նախագիծը:
Ներկայացնելով փաստաթուղթը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այն բխում է ՀՀ սահմանադրույթյան պահանջներից: Օրինագծով կանոնակարգվում են զինված ուժերի և մյուս այն կառույցների գործունեությանն առնչվող հարցեր, որոնք խաղաղության և պատերազմի ժամանակ ներգրավվում են ՀՀ անվտանգությունն ապահովելու, զինվորական հավաքների նախապատրաստման և կազմակերպման նպատակով: Հստակեցվում են զինված ուժերի ղեկավար կազմի լիազորությունները: Մասնավորապես, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար է դառնում ՀՀ վարչապետը: Պաշտպանական ոլորտով կզբաղվի նաև Անվտանգության խորհուրդը, որը պետք է կազմի զինված ուժերի զարգացման ծրագիր, ԶՈՒ կիրառման ծրագիր, ԶՈՒ օպերատիվ սարքավորմամբ զինման ծրագիր, քաղաքացիական պաշտպանության ծրագիր: Փաստաթղթի համաձայն, ԶՈՒ ընդհանուր ղեկավարումն իրականացնում է կառավարությունը, քաղաքական ղեկավարումը` պաշտպանության նախարարը: Զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը դառնում է բարձրագույն պաշտոնատար անձ պաշտպանության համակարգում: Խաղաղ ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ` գերագույն գլխավոր հրամանատարին: Գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, միևնույն անձն իրավունք չունի այդ պաշտոնն զբաղեցնել երկու անգամ անընդմեջ: Հստակեցվել են Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի լիազորությունները, գլխավոր շտաբի գործունեության նկատմամբ վերահսկողության սկզբունքները: Փաստաթղթի համաձայն, զորակոչ անցկացնելու լիազորությունները տրվում են ՀՀ պաշտպանության նախարարությանը:


