Արմինֆո. Բաքուն հերթական անգամ չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող միջազգային կոնֆերանսի հարթակը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի նման պահվածքը նպատակ ուներ շեղել ուշադրությունն այդ երկրի լվացքատան պատմության հետևանքով աշխարհով մեկ նվաստացումից, ինչը կոռուպցիոն ու ագրեսիվ քրեական քաղաքականության հետևանք է»,- գրել է Բալայանը:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին Պալերմոյում մասնակցում է փախստականների և միգրացիոն հոսքերին նվիրված ԵԱՀԿ համաժողովին;
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնը (OCCRP) տեղեկություններ էր հրապարակել Ադրբեջանի իշխանությունների կողմից Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերություններ ստեղծելու մասին՝ փողերի լվացման նպատակով: Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է 2,9 մլրդ դոլարին, որոնք ուղղվել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառմանը, շքեղության ապրանքների ձեռքբերմանը և այլ շահադիտական նպատակների: Փաստաթղթում նշվում է, որ 2012-2014 թթ. Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները կաշառել են եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր զբաղվել են ԵՄ-ում Բաքվի շահերի լոբբինգով և արգելափակել մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձևերը: Այդ կեղծ ընկերությունների հաշիվներից վճարվել են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ծախսերը: Նշված ընկերությունները գրանցված են եղել Բրիտանիայում՝ Ադրբեջանից մտացածին անձանց անունով: Նրանք ներկայացրել են կեղծ հաշվետվություններ՝ չնայած նրանց հաշիվներով հոսել են միլիարդավոր եվրոներ: Դրանք բոլորը սպասարկվել են դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղում: Այդ գումարների տեղաշարժի մասին առաջինը տեղեկություն է ստացել դանիական Berlingske թերթը, որը դրանով կիսվել է OCCRP-ի հետ: Գրոծը պայմանականորեն ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը»: