Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին իր դժգոհությունն է հայտնել երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման առումով հետընթացի առնչությամբ:
«Երկար տարիներ Հայաստանն աչքի է ընկել իբրև ապահով երկիր: Այդ մասին շատ են խոսել թե՛ տարբեր առաքելություններով Հայաստան այցելած անձինք, թե՛ պարզապես զբոսաշրջիկները: Դա, բնականաբար, ոգևորիչ է:
Միաժամանակ պետք է փաստել, որ վերջին շրջանում միջազգային որոշ կառույցների կողմից կատարված հետազոտություններով Հայաստանի ցուցանիշներում նկատվում է նահանջ: Դա մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում մեր որոշ հարևաններ դրական տեղաշարժ են արձանագրել: Ես այս պարագայում որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն այս հանգամանքների մասին և նրանք ունեն բոլոր հնարավորությունները պարզելու, թե ինչպիսին է հանցավորության վիճակը կոնկրետ երկրում:
Մենք պետք է ձգտենք անընդհատ առաջընթաց գրանցել: Մեր նպատակն է կայուն տեղ զբաղեցնել աշխարհի ամենաապահով և մրցունակ երկրների շարքում:
Այս նպատակադրումը, անշուշտ, իր մեջ տնտեսական տարր է պարունակում: Անվտանգ միջավայրը, անկասկած, նպաստում է և՛ զբոսաշրջության զարգացմանը, և՛ ներդրումների աճին:
Բացի այդ, խիստ կարևորում եմ հասարակական համերաշխության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը: Այստեղ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրականացնել իր իրավունքները կամ կատարել իր պարտականությունները՝ չվնասելով այլոց իրավաչափ շահերը:
Անշուշտ, կան և լինելու են անհատներ, ովքեր փորձելու են իրենց սահմանադրական իրավունքները և ազատությունները պատշաճ իրականացնող անձանց հաշվին իրացնել սեփական կամ խմբային նկրտումները: Ուստի, ոստիկանությունը միշտ պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքելու տարաբնույթ երևույթներին: Ոստիկանությունը պետք է պատրաստ լինի տարբեր հարթություններում դիտարկելու ակնհայտ իրավախախտին և իր քաղաքացիական իրավունքից բարեխղճորեն օգտվողին կամ մասնագիտական պարտքը կատարողին:
Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը: Իշխանության կողմից մարդու իրավունքներին և ազատություններին ոչ իրավաչափ միջամտությունն անթույլատրելի է, նույնիսկ եթե նպատակն արդար է»,- ասել է պետության ղեկավարը: