Արմինֆո. Եվրախորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան համոզված է, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի Երևանի և Բրյուսելի միջև համագործակցությունը շարունակելու համար:
«Շրջանակային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակելու համար, որպեսզի Եվրամիությունը նույնպես ներգրավվի հանրապետությունում իրականացվող բարեփոխումների գործում: Մեր բարեփոխումները նպատակ ունեն աջակցել Հայաստանին` կատարելու ԵՄ և այլ կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորությունները՚, - հայտարարել է Վուտովան լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ փաստաթուղթը բաղկացած է 357 էջից և 386 գլխից և կարգավորում է Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդհանուր սկզբունքները, մոտեցումներն ու արժեքները: Ինչ վերաբերում է փաստաթղթի տնտեսական բաղադրիչին, դրանում ասվում է, որ Հայաստանը պետք է իր տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին: ԵՄ-ն իր հերթին պարտավորվում է աջակցել ՀՀ Կենտրոնական բանկի անկախության ապահովմանը, երկրի շուկայում գների կայունությանը, վերջինիս ֆինանսական հուսալիությանը: Փաստաթղթի քաղաքական մասւոմ շեշտը դրվում է վիզային ռեժիմի դյուրացման և դրա ազատականացման շուրջ երկխոսութուն սլսելու վրա՝ ՀՀ և եմ քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանման նպատակով: Համաձայնագրում դրույթ կա նաև ղարաբաղյան հակամարտության մասին: Փաստաթղթում ընդգծվում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի պատրաստակամության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը: Փաստաթղթում խոսվում է նաև ՀԱԷԿ-ը փակելու և նորը կառուցելու Հայաստանի պարտավորության մասին: Նշենք, որ ի սկզբանե հայտարարվել էր նոյեմբերին Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթի ստորագրման մասին, սակայն այժմ շատ փորձագետներ կանխատեսում են, որ ստորագրումը հայտարարված ժամկետներում տեղի չի ունենա: Ի սկզբանե կողմերը չէին հայտարարել նաև փաստաթղթի հրապարակման մասին մինչև դրա վերջնական ստորագրումը, սակայն փոխադարձ համաձայնությամբ որոշվել է մինչև ստորագրումը Հայաստանի և ԵՄ հասարակություններին ծանոթացնել դրա հետ: