Արմինֆո. Ռուսաստանը Հարավային Կովկասում Հայաստանին փոխարինող չունի, այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան՝ 2 տարի ԵԱՏՄ-ում» կլոր սեղանի ժամանակ:
«Երևանի դերը չեն կարող խաղալ թե Աբխազիան, թե Հարավային Օսիան, թե Ադրբեջանը, թե, առավել ևս, Վրաստանը: Այո, Հայաստանը ոչ մեծ երկիր է, սակայն ռուսական ընտրախավի ներկայիս նպատակադրման պարագայում Հայաստանը Ռուսաստանի համար այսօր անհրաժեշտությունն է: Ըստ որում, ԵԱՏՄ բացակայության դեպքում իրավիճակը Հայաստանի համար, այսպես ասած, փոքր-ինչ այլ կլինի»,- նշել է նա:
Այս առումով քաղաքագետը ԵԱՏՄ-ն համարում է Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության ձևաչափերից մեկը՝ միավորումը դիտարկելով որպես բավական բարդ ռեժիմով աշխատող «կաղամբի» մի մասը, որի մեջ են մտնում ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական հարաբերությունները:
Նշելով Եվրամիության հետ ԵԱՏՄ համեմատության և զուգահեռների անցկացման աննպատակահարմարությունը՝ Իսկանդարյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում մեկ պետության գերակշռությունը: Նրա խոսքով, գրեթե բոլոր՝ քաղաքական, ռազմական և տնտեսական, պարամետրերով Ռուսաստանն առաջ է անցնում ԵԱՏՄ բոլոր երկրներից՝ միասին վերցրած:
«Դա այդ կազմավորման խնդիրներից մեկն է: Ըստ որում, նման խնդիրների առկայությունը միանգամայն նորմալ է: Եվ այսօր ԵԱՏՄ-ն զարգացման երեք պայմանական վեկտոր ունի. բելառուսական, կովկասյան՝ Հայաստան, և կենտրոնաասիական՝ Ղազախստան և Ղրղըզստան»,- ամփոփել է Իսկանդարյանը: