Արմինֆո.Իրանի միջուկայն ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խզման «օգտին» հանդես գալ կարող են միայն պատերազմին և դրա հետևանքներին անծանոթ մարդիկ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի /Ստեփանակերտ/ տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Ամերիկացի գեներալները, քիչ թե շատ խելամիտ քաղաքական գործիչները հանդես են գալիս նման սցենարի իրականացման դեմ: «Կողմ» հանդես են գալիս միայն անհեռատես, խիստ կարճաժամկետ հեռանկարի համար աշխատող և Իսրայելի շահերը ներկայացնող քաղաքական գործիչները: Այս առումով հուսով եմ, որ Թրամփը նման քայլի չի գնա, չափազանց անկանախտեսելի կարող են լինել հնարավոր հետևանքները»,- ընդգծել է վերլուծաբանը:
Միաժամանակ Արզումանյանն ընդգծել է, որ անհեռատեսության մեջ մեղադրել, օրինակ, սենատոր Թոմ Քոթոնին, հաշվի առնելով նրա կենսագրությունը, չենք կարող: Մինչդեռ վերջինիս փաստարկները հանգում են այն բանին, որ Իրանի իշխանությունները վատն են, և Վաշինգտոնի գործընկերներին դուր չեն գալիս:
«Այո, ԻԻՀ իշխանությունները կատարում են միջուկային համաձայնագիրը, բայց նրանք, միևնույն է, վատն են և պետք է դուրս գալ համաձայնագրից: Եվ դա ասում է Իրաքում ծառայող սենատորը, ով պետք է հասկանա, թե ինչով դա կավարտվի: Սակայն, դա լավ հասկանալով՝ նա, այնուամենայնիվ, ասում է այդ ամենը: Նման քաղաքական գործիչները կրկնակի տարակուսանք են հարուցում. նրանք նույնիսկ արդարացում չունեն, որ չգիտեն պատերազմը և դրա հետևանքները:
Հոկտեմբերի 5-ին Սպիտակ տանն ամերիկացի զինվորականների հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այդ հանդիպումը կարող էր լինել անդորր՝փոթորիկից առաջ»: Թե նախագահը հատկապես ինչ է նկատի ունեցել՝ նա չի ճշտել: Մինչդեռ ԱՄՆ-ը արդեն մուտքի սահմանափակումներ է մտցնում ԿԺԴՀ, Իրանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Ներկայումս Թրամփը որոշում է, թե արդյոք պետք է խզել Իրանի հետ միջուկային գործարքը: Ամերիկացի զինվորականների հետ հանդիպումից հետո նա հերթական անգամ հայտարարել է Թեհրանի կողմից այդ համաձայնագրի ոգին չպահպանելու մասին: «Չպետք է թույլ տանք, որ Իրանը միջուկային զենք ստանա»,- հայտարարել է Թրամփը: