Արմինֆո. Եվրախորհրդի խորհրդարնական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամուտը հրաժարական է տվել:
«Այսօր՝ անձնական պատճառներով, որոշել եմ լքել ԵԽԽՎ նախագահի պաշտոնը»,- գրել է Ագրամունտը «Twitter»-ի իր միկրոբլոգում: Այդպիսով՝ նա կասեցրել է իր իմպիչմենտի ընթացակարգը, որը նախատեսված էր հոկտեմբերի 9-ին:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, արձագանքելով Ագրամունտի հրաժարականին, Facebook-ի իր էջում գրել է. «Դե ֆակտո, տևական ժամանակ, հեռացված լինելով ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, Պեդրո Ագրամունտը ներկայացրել է հրաժարականի դիմում.... Այսպիսով, կանխվում է նրան իրավական ընթացակարգով իմփիչմենթի ենթարկելու՝ երկուշաբթի Ստրասբուրգում նախատեսված անխուսափելի վերջին արարը։
ԵԽԽՎ-ն առողջացման նշաններ է ցույց տալիս, ինչն ուղիղ համեմատական է այդ կառույցից Ադրբեջանի դժգոհության և Ալիևի՝ ԵԽ-ից հեռանալու մասին բարձրաձայնումների հետ»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականի հարցը բարձրացվել է բազմիցս: Առաջին անգամ Ագրամունտին վստահության հարցը բարձրացվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ: Որպես դրա պատճառ՝ նշվել է Սիրիա այցը և նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը: Նույն ժամանակաշրջանում բացահայտվել է կոռուպցիոն սկանդալ՝ իտալացի խորհրդարանական Լուկա դե Վոլոնտեի մասնակցությամբ, ով կաշառք է ստացել Ադրբեջանից՝ որոշակի քաղաքական ծառայությունների դիմաց: Այդ սկանդալում լայնորեն շրջանառվել է նաև Ագրամունտի անունը: Վերջինս այդ ամենում մեղադրել է հայկական պատվիրակությանը, որն իբր զրպարտում է նրան: Սակայն, սկանդալը շարունակություն է ունեցել. վերջերս ջրի երես են դուրս եկել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ադրբեջանի նոր կոռուպցիոն գործարքների մասին սկանդալային փաստեր: Այն ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը, որում, եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, կրկին հիշատակվում է Ագրամունտի անունը: