Արմինֆո. Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային այլ կառույցների դիրքորոշմանը, և այն անընդունելի է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որ «Կիևը շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քանի որ ԱՀ նկատմամբ իրականացվել է ագրեսիա և օկուպացիա»:
«Այլ կերպ, քան անհեթեթ և անհաջող, այդ հայտարարությունն անվանել չի կարելի»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ագրեսիան սկսվել է 1988 թվականին, և դրա նախաձեռնողն Ադրբեջանն է: «Ադրբեջանական ագրեսիայի մեկ այլ դրսևորում էր ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմը»,-նշել է ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ նման բարձր կարգի դիվանագետին վայել չէ այդպիսի ոչ դիվանագիտական հայտարարություններ անել՝ ադրբեջանցի բարեկամներին դուրս գալու կամ քաղաքական օգուտներ ստանալու նպատակով:
Ըստ որում, Շարմազանովն իր հարգանքն ու հիացմունքն է հայտնել թուրք մտավորականության ներկայացուցիչներին, ովքեր վերջերս, չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից բոլոր սպառնալիքներին, այցելեցին Արցախ: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ բռնապետական Թուրքիայում դեռևս կան հերոսներ՝ ազատ մտածողությամբ:
«Թուրքիայում դեռ կան մարդիկ, ովքեր, անկախ Էրդողանի վարչակազմի ֆեոդալական գործունեությունից, իրենց մեջ գտնում են ազատ մտածողության ուժ, ինչի դրսևորումն Արցախ նրանց այցն էր»,- ասել է Շարմազանովը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք մտավորականության ներկայացուցիչների նկատմամբ: ԱՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնավորված կասկածներ կան այն մասին, որ 2017 սեպտեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, դիտավորյալ հատել են Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը՝ առանց գործադիր իշխանության համապատասխան մարմնի փաստաթղթերի և համաձայնության, շրջանցելով պետական սահմանի անցակետը, այսինքն՝ Հայաստանի տարածքով «ապօրինի այցելել են Ստեփանակերտ և այլ բնակավայրեր»: Այդ առնչությամբ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 318.2 հոդվածով, այն է՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում Ինտերպոլի գծով: Հավելենք նաև, որ Թուրքիան իր քաղաքացիներին օտար պետությունների չի հանձնում Ինտերպոլի հարցումով: