Արմինֆո. «Ալիևի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պետք է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, անհեթեթություն է: Դա մոտավորապես նույն բանն է, ինչպե` եթե Հիտլերը միջազգային հանրությանը կոչ աներ պատժամիջոցներ կիրառել ԽՍՀՄ նկատմամբ` Լեհաստանն ու Չեխոսլովակիան ազատագրելու համար՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Արցախն «օկուպացնելու՚ համար Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Եվրամիության խորհրդի քաղաքականության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է Շարմազանովը, Ալիևը մի երկրի ղեկավար է, որտեղ ոչ մի ժողովրդավարություն չկա, որը վարում է բացահայտ այլատյաց և հայատյաց քաղաքականություն, և դա ողջ աշխարհհում գիտակցում են, հետևաբար, նրա խոսքերը զուրկ են որևէ հիմնավորումից: «Հենց նա է ապրիլյան պատերազմի նախաձեռնողը: Ալիևն այն մարդն է, որը պարգևատրում է հանցագործներին, որոնք ԻԼԻՊ գրոհայինների նման գլխատել են հայ զինվորներին ապրիլյան պատերազմի ժամանակ: Ինչ արժեք կարող են ներկայացնել նման մարդու խոսքերը՚, - նշել է ԱԺ փոխխոսնակը, ընդգծելով, որ ագրեսորը հենց Ադրբեջանն է, և դա գիտակցում է միջազգային հանրությունը:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն ամեն դեպքում «կվերադարձնի կորցրած տարածքները՚, Շարմազանովը նրան խորհուրդ է տվել դուրս գալ անուրջների աշխարհից, վերադառնալ իրականություն և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչն արդեն կատարված և անդառնալի փաստ է:
Նշենք, որ նախօրեին Եվրամիության խորհրդի քաղաքականության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «ագրեսիայի՚ համար: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այն բանին, որ Հայաստանը շարունակում է մնալ «օկուպացրած տարածքներում՚, և առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ: Ալիևի համոզմամբ, այդ դեպքում հակամարտությունն արագ կկարգավորվի: Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն դեպքում «կվերադարձնի կորցրած տարածքները՚, և Բաքվի համար ստատուս-քվոն անընդունելի է: