Արմինֆո.Պետք չէ զուգահեռներ անցկացնել Քուրդիստանում և Կատալոնիայում անկախության հանրաքվեների, դրանց հաջորդող գործընթացների ու ղարաբաղյան հակամարտության միջև: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, չնայած այն փաստին, որ ինքնորոշման գործընթացները քաղաքական բաղադրիչ ունեն, այնուամենայնիվ, խիստ իրավական բնույթ են կրում: «Արցախի ինքնորոշման գործընթացը կատարյալ է իրավական առումով»,- նշել է Աշոտյանը՝ ավելացնելով, որ Քուրդիստանի և Կատալոնիայի ինքնորոշման գործընթացներն ավելի շատ դիտարկվում են քաղաքական, քան՝ իրավական պրիզմայով:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, անդրադառնալով Կատալոնիայի անկախության հանրաքվեին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ Երևանն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Իսկ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Քուրդիստանի հանրաքվեի մասին, հայտարարել է, որ Երևանն ակնկալում է, որ Իրաքի իշխանությունները և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները փոխզիջման ուղիներ կգտնեն և իրենց կհաջողվի խուսափել սրացումից և գոյություն ունեցող խնդիրների լուծում գտնել: