Արմինֆո.Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենքի վաճառքի համաձայնություն չի տվել; Այդ մասին հոկտեմբերի 4-ին Ազգային ժողզովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:
«Պատկերացում չունեմ, թե ինչպես է այդ զենքը հայտնվել Ադրբեջանում: Ուզում եմ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունն Ադրբեջանին զենք չի վաճառել, քանի որ այն հարգում է նման վտանգավոր երկրների նկատմամբ սահմանված էմբարգոն»,- նշել է Միլան Շտեխը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծում, նրա խոսքով, հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: «Այդ հարցը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, և ես համոզված եմ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կկարողանան գտնել այդ հակամարտության՝ բոլոր կողմերին գոհացնող արդար լուծում»,- նշել է Շտեխը:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահը նշել է նաև, որ վերջին ժամանակներս Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է դառնում, զարգանում է խոսքի ազատությունը, անցկացվում են արդար ընտրություններ, մեծանում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:
Նշենք, որ ավելի վաղ այս առնչությամբ հանդես է եկել Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը. «Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին, ընդհանրապես, չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին»: Չեխիայի ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես, նշվում է, որ, սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: «Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակներիե վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը՚,- ասված է հայտարարության մեջ: Նախարարությունը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար: «Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին՚, - ասվում է հայտարարությունում: