
Արմինֆո.Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնությունը հոկտեմբերի 4-ի նիստում մերժեց ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որպես իրենց նախաձեռնության հիմնավորում, թվարկել էր, իր կարծիքով, մի քանի գլխավոր գործոն: Այսպես, որոշման մեջ ասվում է, որ հանրապետության ԵԱՏՄ անդամության 3 տարում Հայաստանի ՀՆԱ դոլարային արտահայտությամբ կրճատվել է 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը նվազել է 13 տոկոսով, միջազգային պահուստները կրճատվել են 40 տոկոսով, պետական պարտքն ավելացել է 10 տոկոսով: Միաժամանակ արձանագրվել է նաև երկրի տնտեսությունում ներդրումների կրճատում: Այսպես, եթե 2014 թվականին ներդրումների ծավալը կազմել է 167 մլրդ դրամ (շուրջ 350 մլն դոլար), ապա 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է արդեն 81 մլրդ դրամ:
«Ելք՚ դաշինքում կարծում են, որ Հայաստանի մասնակցությունը տվյալ ինտեգրացիոն միավորմանը սահմանափակում է երրորդ երկրների հետ առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունը, այդ թվում` հարևան Վրաստանի և Իրանի հետ: Խմբակցությունում նաև կարծում են, որ ի հեճուկս ԵԱՏՄ շուրջ համաձայնագրին, չի ապահովվում կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ: «ԵԱՏՄ անդամ երկրները չեն նպաստում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին, դրանցից ոմանք բազմիցս ամենաբարձր մակարդակով հանդես են եկել ի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին` ապահովելով ժամանակակից հարձակողական սպառազինությունների զինանոցի շուրջ 85 տոկոսը՚, - ասվում է որոշման նախագծում:
Փաստաթղթի հեղինակները նաև վկայակոչում են «Հայաստանի քաղաքական համակարգում ԵԱՏՄ մի շարք երկրներում գոյություն ունեցող ավտորիտար ավանդույթների մշտական ներդնումը՚ և, որպես հետևանք, Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների թվի աճը: Հաշվի առնելով վերը նշված գործոնները` խմբակցությունը Հայաստանի համար վտանգավոր և սպառնալիքներով հղի է համարում ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա գտնվելը: