Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները երկու սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անցած հանգստյան օրերին պետական սահմանի պահպանության ազդանշանային համակարգից ահազանգ է ստացվել. Արմավիրի սահմանապահ ջոկատի սահմանապահների և Հայաստանի ոստիկանության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երկու անձ, որոնք, ազդանշանային համալիրի տակ փորելով, անցել են ինժեներատեխնիկական կառույցների սահմանը և շարժվե դեպի Արաքս գետը` ձուկ որսալու: Հաղորդման համաձայն, ձերբակալվածների զննության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են ռետինե նավակ և տարբեր ձկնորսական պարագաներ: Նրանց մոտ չեն եղել փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս գտնվել սահմանային գոտում և զբաղվել ձկնորսությամբ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ սահմանախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար չարամիտներին հանձնել են Հայաստանի ոստիկանությանը: