Արմինֆո.Ներկայումս իրավիճակը Ջավախքի Գումբուրդո գյուղում կայունացել է. կողմերը փոխհամաձայնության են եկել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով գյուղի հայկական բնակչության և տեղի ոստիկանների միջև ընդհարումները, երբ հայկական համայնքը փորձել է խաչքար տեղադրել եկեղեցու բակում, սակայն հանդիպել է ոստիկանության դիմադրությանը:
«Կողմերը հանգել են փոխհամաձայնության և որոշել այդ հարցը թողնել երկու երկրների եկեղեցիների իրավասությանը»,- հայտարարել է Թորոսյանը: Խոսելով այն մասին, թե ինչու խաչքար տեղադրելիս խնդիր է առաջացել, չէ, որ նախկինում էլ հայկական համայնքը տեղադրել է դրանք ամբողջ Ջավախքի տարածքում՝ Թորոսյանը նշել է մի քանի պատճառ: «Դա կարող է լիենլ սադրանք հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ: Բացի այդ, հայ-վրացական հարաբերություններն, իրոք, միանգամայն նոր բարեկամական մակարդակ են դուրս եկել, հաճախակիացել են փոխայցելություններն ու հանդիպումները, ինչը, բնականաբար, ամենևին դուր չի գալիս ադրբեջանա-թուրքական տանդեմին, և այդ համայնքների ներկայացուցիչները մշտապես փորձում են թշնամություն հրահրել մեր միջև՝ շահարկելով Ջավախքի ինքնորոշման հարցը, որին, իբր ձգտում են տեղի հայերը»,- հայտարարել է Թորոսյանը:
Թորոսյանը նշել է նաև, որ նման միջադեպերը կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, և Հայաստանը պետք է ուշադիր լինի և թույլ չտա, որպեսզի ադրբեջանա-թուրքական տանդեմը սադրանքների միջոցով փչացնի բարեկամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները:
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի հայերը ցանկացել են խաչքար տեղադրել տեղի եկեղեցու բակում, բայց հանդիպել են ոստիկանության դիմադրությանը: Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, իսկ որոշ ժամանակ անց գյուղի բնակիչները քարեր են նետել նրանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով երկուստեք տուժածներ կան: Իրավիճակը հանդարտվել է այն բանից հետո, երբ ժամանել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին: Քանի որ Թբիլիսին մտադիր է եկեղեցին հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանությանը, ապա, կազմակերպության օրենքների համաձայն, խաչքարի տեղադրումը խախտում է: Դա էլ ոստիկանության և գյուղի բնակչության միջև ընդհարման պատճառ է հանդիսացել: Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից հարուցվել է քրական գործ:
Նախօրեին, միջադեպի հետ կապված, վրացի գործընկերների հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների բարեկամական հարաբերություներից ելնելով՝ միջադեպն արագ կկարգավորվի: