Արմինֆո.Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախի շուրջ բանակցությունների վերսկսումը կհանգեցնի կամ քաղաքական լուծման բացակայության, կամ` Երևանի կապիտուլացման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Այլ խոսքով` կամ գործընթացը կշարունակի մնալ փակուղում, կամ կավարտվի հայկական կողմերի պարտությամբ, ինչը, անշուշտ, անընդունելի է` մեր ազգային շահերի և անվտանգության ապահովման համատեքստում: Այդպիսով, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, նախագահների հանդիպումներից ոչ մեկը չի կարելի համարել կառուցողական` հակամարտության կարգավորման գործում «սկզբունքների՚ առանցքային դերի ֆոնին: Ավելին, հաշվի առնելով հանգամանքը, որ նման օրակարգը սպառնալիքի տակ է դնում մեր ազգային շահերը, այդ շրջանակներում ամեն մի հանդիպում Երևանի քաղաքական և դիվանագիտական թերարժեքության հերթական խորացում է՚, - նշել է նա:
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդայանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը:
Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանին կհաջողվի թույլ չտալ բանակցային գործընթացի մարում, առաջ մղելով Արցախի տարածքի 2/3-ից հայ զինվորականների դուրս բերում, իրականացնելով «ագրեսորից Ադրբեջանի ազատագրման՚ քաղաքականություն` հայ բանակցողների անսկզբունքայնության շնորհիվ:
Բանակցությունների շարունակմամբ շահագրգռված միջնորդներն, իրենց հերթին, անտեսում են Ադրբեջանի ռազմական ակտիվության պարբերական բռնկումները, որոնց դիմաց կյանքով են վճարում հայ զինվորականները:
Մելիքյանը բանակցությունների վերսկսման Բաքվի ձգտումը բացատրում է սեփական քաղաքական նպատակների իրագործմանը նպատակաուղղված ծրագրի գործնական կիրառման լիարժեք ապահովման նրա ձգտման նկատմամբ այլընտրանքի բացակայությամբ: Այդ ֆոնին, նրա գնահատմամբ, Երևանն ու Ստեփանակերտը չունեն արդյունավետ հակախաղ, քանի որ ընտրել են հակառակորդին ռազմական հակահարվածներ հասցնելու ապարդյուն ռազմավարությունը:
«Կարող եմ ասել, որ նման ռազմավարությունը մեր սահմանների պաշտպաններին վերածում է թիրախի: Եվ հակառակորդը, որոշելով, թե երբ և ինչ ուժգնության հարված հասցնի հայկական դիրքերին, անկասկած, ստանում է առավելություն: Այդ լույսի ներքո` առկա բանակցային գործընթացը, հակասելով մեր շահերին, էապես մեծացնում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՚, - ամփոփել է Մելիքյանը: