Արմինֆո. Անկարան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության շրջանակում` միջազգային իրավունքի և տարբեր միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումների հիման վրա: Այդ մասին ԱՊԱ-ին հաղորդել է Ադրբեջանում Թուրքիկայի դեսպան Էրքան Օզորալը: «Մենք նոր ենք իմացել, որ Թուրքիայի որոշ քաղաքացիներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Նմանօրինակ ապօրինի այցերը, բնականաբար, վնասում են կարգավորման գործընթացին: Թուրքիան վճռականորեն դատապարտում է այնպիսի գործողությունները, որոնք արգելակում են կարգավորման գործընթացը: Այդ այցի մասնակիցները Թուրքիայի պաշտոնական դիրքրոոշումը ներկայացնելու լիազորություն չունեն: Նրանք այնտեղ են մեկնել անձնական դրդապատճառնրեով: Մեր պաշտոնական դիրքրոոշումը բոլորին հայտնի է՚, - հայտարարել է Թուրքիայի դեսպանը` մեկնաբանելով թուրք մտավորականների այցը Լեռնային Ղարաբաղ: Օզորալը նաև մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանական քրեական գործերի հարուցումը, նշելով, որ դա իրավաբանական գործընթաց է, որի պահանջները կկատարվեն: «Մենք հարգանքով ենք վերաբերվում իրավական համակարգին՚, - հայտարարել է դեսպանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք մտավորականության ներկայացուցիչների նկատմամբ: ԱՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնավորված կասկածներ կան այն մասին, որ 2017 սեպտեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, դիտավորյալ հատել են Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը՝ առանց գործադիր իշխանության համապատասխան մարմնի փաստաթղթերի և համաձայնության, շրջանցելով պետական սահմանի անցակետը, այսինքն՝ Հայաստանի տարածքով «ապօրինի այցելել են Ստեփանակերտ և այլ բնակավայրեր»: Այդ առնչությամբ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 318.2 հոդվածով, այն է՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում Ինտերպոլի գծով: Հավելենք նաև, որ Թուրքիան իր քաղաքացիներին օտար պետությունների չի հանձնում Ինտերպոլի հարցումով: