


Արմինֆո.Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ նախարարության կողմից մշակված յոթ քայլերը:
Որպես հակակոռուպցիոն պայքարի հիմնական միջոցներից մեկը՝ նա նշել է հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կզբաղվի պաշտոնատար անձանց և նրանց հարազատների հայտարարագրերի և ունեցվածքի մասին տվյալների ստուգմամբ:
Բացի այդ, Հարությունյանը հայտարարել է, որ հակակոռուպցիոն պայքարում մեծ դեր է խաղալու ինֆորմատորների ինստիտուտի ստեղծումը՝ չնայած այդ կառույցի նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքին: «Բացի այդ մենք քայլեր ենք ձեռնարկել և ստեղծել էլեկտրոնային համակարգ, որտեղ կարելի է անանուն տեղեկություն թողնել կառուպցիոն գործարքների մասին»,-ընդգծել է նախարարը:
Հարությունյանի խոսքով, կոռուպցիայի դեմ ևս մեկ միջոց է անձանց ցուցակի ընդլայնումը, ովքեր պարտավոր են ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնեն: Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մեկ այլ՝ արդյունավետ քայլ է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կանխիկ գործարքների սահմանափակումը:
«Կարևոր եմ համարում նաև պետական կառույցներում զարգացած էլեկտրոնային համակարգի ստեղծումը, որոնց առկայությունը զգալիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն արվել են:
«Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի արդյունքներին ականատես կլինենք մոտ ժամանակներս»,- հավաստիացրել է Հարությունյանը:



