Արմինֆո. Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրերը այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրել է Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո պետնախարար Ալան Դունկան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: